Նախկին սենատորը, ով աշխատում էր սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունում, սպանվել է Հայիթիի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող էլիտար թաղամասում։ Սպանվել է նաեւ նրա զարմիկը։ Հանցագործներն այրել են նրանց դիերը։ Այս մասին Associated Press-ին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Ժակ Լաֆոնտանը։

Իվոն Բուիսերեթի եւ նրա զարմիկի մարմինները հայտնաբերվել են Լաբուլե համայնքում։ Այն գտնվում է Պելերինից ոչ հեռու, որտեղ անցյալ հուլիսին իր սեփական տանը սպանվեց նախագահ Ջովենել Մոիսը:

Բուիսերեթը եւ նրա զարմիկը հայտմաբերվել են կառավարական ավտոմեքենայի մեջ։ Ենթադրվում է, որ սպանության հետեւում կանգնած է հանցախումբը, որը փորձում է վերահսկողություն հաստատել այդ թաղամասում։

Ti Macaque կոչվող հանցախումբը, որը թարգմանաբար «փոքրիկ մակակեներ» է նշանակում, տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար պայքարում է Տոտո խմբավորման դեմ։ Մոիսի սպանությունից հետո ավազակախմբերը մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս քաղաքում եւ դրանից դուրս ավելի հզոր են դարձել եւ սկսել են դաժան պատերազմներ մղել:

Վարչապետ Արիել Անրին դատապարտել է Բուիսերեթի սպանությունը եւ որպես Լաբուլում զինված խմբավորումների կողմից իրականացված «բարբարոսական արարք» է որակել ։