ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու եւ (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը:

NEWS.am–ը տեղեկանում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որ ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» դեռեւս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաեւ ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը:

Կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռեւս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար:

Հաշվի առնելով նշվածը, Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով: