Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն այսօր՝ օգոստոսի 8-ին, ամփոփել են հուլիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խաչատուր Բաբայանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ հուլիս ամսին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 57․110 զանգ, որից 1353-ն՝ արտակարգ դեպք եւ պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետեւանքով զոհվել է 30, տուժել՝ 4106 մարդ:

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 148 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արեւելք, 4․4 մագնիտուդով: Այն զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ ՌՀՄԱԿ ներկայացուցիչներն օգոստոսի 18-ից 19-ը մասնակցելու են ՌԴ Մոսկվա քաղաքում կայանալիք 3-րդ միջազգային հրշեջ փրկարարական համաժողովին։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը մեկնարկել է, այս պահին դիմորդների թիվը 177 է։

Նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով հրդեհներից խուսափելու նպատակով կշարունակվեն իրազեկման եւ կանխարգելիչ աշխատանքները։

Նիստի ավարտին փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում: