Չինական ինտերնետ հսկա Baidu-ին առանց վարորդի ռոբոտաքսիի կոմերցիոն ծառայություններ մատուցելու թույլտվություն է տրվել, հայտնում է TechCrunch-ը։ Որպես օպերատոր հանդես կգա Apollo Go ծառայությունը։ Ծառայությունը հասանելի կլինի Չունցին եւ Ուհան քաղաքներում:

Baidu-ն արդեն աշխատում է Պեկինի հանրային ճանապարհների վրա: Համապատասխան թույլտվությունն ընկերությունը ստացել էր 2022 թվականի ապրիլի վերջին։ Սակայն Պեկինում ծառայությունը ոչ կոմերցիոն է՝ ուղեւորություններն իրականացվում են անվճար, իսկ ղեկին պարտադիր մարդ է լինում, հայտնում է Incrussia-ն։

Baidu-ի տվյալներով՝ ընկերությունն ավելի քան մեկ միլիոն պատվեր է ունեցել, իսկ 2022-ի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում 196.000 ուղեւորություն է կատարել։