Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) սկսել է գնել եվրոգոտու ամենախոցելի երկրների միլիոնավոր եվրոյի պետական ​​պարտատոմսերը, գրում է Financial Times (FT) թերթը։

Այդպես ԵԿԲ-ն ցանկանում է աջակցել պետություններին տնտեսական անկայունության եւ բարձր տոկոսադրույքների ժամանակաշրջանում: Հունիսին եւ հուլիսին Եվրոպական կենտրոնական բանկը ընդհանուր 17 մլրդ եվրո է ներդրել Իսպանիայի, Իտալիայի եւ Հունաստանի պետական ​​պարտատոմսերի շուկայում։ Միեւնույն ժամանակ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների պետական ​​պարտատոմսերի ծավալը նվազել է 18 մլրդ եվրոյով՝ դրանց մարման ժամկետների լրանալու պատճառով։

«ԵԿԲ-ն, կարծես, շատ ակտիվ է՝ առանցքային երկրներից իր գրեթե բոլոր եկամուտները  վերաներդրելով  ծայրամասային պետություններում»,- հայտարարել է Pictet Wealth Management-ի մակրոտնտեսական վերլուծության ղեկավար Ֆրեդերիկ Դյուկրոզեն:

Հուլիսի վերջին կարգավորիչի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԵԿԲ-ի Կառավարման խորհուրդը որոշել է բարձրացնել երեք հիմնական տոկոսադրույքները 50 բազիսային կետով: Բազային տոկոսադրույքը 2011-ի հուլիսից ի վեր առաջին անգամ բարձրացվել է մինչեւ 0.5 տոկոս, ավանդների տոկոսադրույքը` մինչեւ 0 տոկոս, իսկ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը` մինչեւ 0.75 տոկոս: