Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նախօրեին՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին, ինչի հետեւանքով հրդեհ էր բռնկվել։ Տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Աչաջուր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 00:09-ին, մարվել՝ 00:13-ին: Այրվել են ավտոմեքենան և գազատար խողովակից արտահոսած գազը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը: