Oppo եւ OnePlus բրենդների սմարթֆոնների վաճառքը լիովին դադարեցվել է Գերմանիայում։ Այս մասին տեղեկացրել է 9to5Mac պորտալը։ Պատճառը Nokia ընկերության դժգոհությունն է, որն արտադրողներին մեղադրել է իր պատենտները խախտելու մեջ։

Ինչպես հավաստիացրել են Nokia-ի փաստաբանները, Oppo եւ OnePlus սմարթֆոններում օգտագործվում են 5G տեխնոլոգիաներ, որոնք պատկանում են ֆիննական հսկային։ Ընդ որում՝ «չինացիները» չեն վճարում Nokia-ին, նշանակում է՝ խախտում են օրենքը։

2022թ. հուլիսի սկզբին Մանհեյմ քաղաքի օկրուգային դատարանը հօգուտ Nokia-ի որոշում կայացրեց՝ կողմերին կոչ անելով որքան հնարավոր է շուտ համաձայնության հասնել։ Բայց դա տեղի չունեցավ, եւ օգոստոսի 5-ին արգելք դրվեց Oppo եւ OnePlus սմարթֆոնների վաճառքի վրա Գերմանիայի ամբողջ տարածքում։

Առայժմ հայտնի չէ, թե ինչով կավարտվի ֆիննական եւ չինական կորպորացիաների վեճը, բայց Nokia-ի բողոքները միայն Գերմանիայով չեն սահմանափակվում. հավանաբար, ինչպես նշել է 9to5Mac-ը, Opp-ի եւ OnePlus-ի վաճառքը շուտով կարգելվի նաեւ եվրոպական այլ երկրներում։