Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի քննած բոլոր քրեական գործերում բացասական ելքը սպասելի է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Աղվան Հովսեփյանի գործով նշանակված դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։  

«Ինձ մոտ, երբ Ռուբիկ Մխիթարյանի անունն են տալիս, բնութագրում եմ՝ Չարչյանին փակող, բժշկին փակող։ Մենք վստահ ենք, որ առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը հիմնավորված, պատճառաբանված եւ օրինական չէր։ Մենք հանգամանալից ներկայացրել ենք բոլոր այն փաստարկները, որոնք գտնում ենք՝ դատարանի կողմից պետք է հիմք ընդունվեին, սակայն Ռուբիկ Մխիթարյանի պարագայում՝ բաց աչքերով, կշեռքին նայող անձնավորություն է: Այնտեղ արդարադատություն փնտրելն ուղղակի անիմաստ է»,- նշեց Ալեքսանյանը։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ միեւնույն է, թե ով որ դատավարին կմակագրվի գործը։

«Կլինի Ռուբիկ Մխիթարյանը, կլինի Արմեն Դանիելյանը, միեւնույն է, այնտեղ չկա որևէ մի դատավոր, որին կարող ես բնութագրել  արդարադատության մարմնավորում, և դրական ելք ակնկալել»,- նկատեց Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ այս պահին Աղվան Հովսեփյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ նա կանցնի որոշակի հետազոտության, ապա կվիրահատվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։