Դիվանագիտական ​​հաղթանակների շարքը, որոնք ավարտվեցին Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերսկսելու համաձայնագրով, նախագահ Թայիփ Էրդողանին հնարավորություն է տալիս շունչ քաշել Թուրքիայի տնտեսական տարաձայնություններից եւ առաջարկում է նրա նախընտրական ռազմավարության պլանը հաջորդ տարի նախարեսված ընտրություններին: Պատրաստվելով նրան, ինչն իր մոտ 20-ամյա կառավարման ամենամեծ ընտրական փորձությունն է դառնալու, նախագահն ընդգծում է իր ձեռքբերումները համաշխարհային ասպարեզում, գրում է Reuters-ը։

«Թուրքիան ապրում է իր ամենաուժեղ քաղաքական, ռազմական եւ դիվանագիտական ժամանակա​​շրջանը»,- ասել է նա հանգստյան օրերին Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում հազարավոր ամբոխին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանում բանակցություններից մեկ օր անց:

Միջազգային բեմում առաջընթացը հակասում է ներքին տնտեսական մռայլ պատկերին, որտեղ գնաճը կտրուկ աճել է մինչեւ 79 տոկոս, իսկ լիրան գրեթե ռեկորդային ցածր մակարդակի է հասել, որը գրանցվել էր դեկտեմբերի վերջին արժութային ճգնաժամի ժամանակ:

Ընդդիմախոսները մեղադրում են Էրդողանի անսովոր տնտեսական քաղաքականությունը, այդ թվում՝ տոկոսադրույքների մի շարք կրճատումները՝ չնայած բարձր գնաճին եւ 2019 թ. ի վեր Կենտրոնական բանկի երեք ղեկավարների պաշտոնանկություններին, որոնք երկիրը թողել են ընթացիկ հաշվի մեծ դեֆիցիտով եւ տնտեսությանն աջակցելու համար կախվածությամբ արտաքին ֆինանսավորումից։

Էրդողանն ասել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության պտուղները՝ առաջնահերթություն տալն արտահանմանը, արտադրությանը եւ ներդրումներին, ավելի ակնհայտ կդառնան 2023 թ. առաջին եռամսյակում։

Մինչդեռ, պետական ​​պաշտոնյաները եւ նրա իշխող կուսակցության բարձրաստիճան անդամները նախագահին որպես պետական ​​գործիչ են ներկայացնում, որը դիմակայում է մրցակիցներին ընտրություններում, որոնք նույնիսկ մոտ չեն նրա միջազգային հեղինակություններին։

«Դուր է գալիս նա ձեզ, թե ոչ, բայց Էրդողանն առաջնորդ է»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ պնդելով, որ միջազգային ոչ մի այլ գործիչ նույն մակարդակի շփում չունի աշխարհի առաջատար խաղացողների հետ. «Թուրքիայում չկա մի առաջնորդ, ով կարող է փոխարինել նրան»։

Ուկրաինայից արտահանումը վերսկսելու համաձայնագիրը կարող է թուլացնել հացահատիկի պակասը, որը միլիոնավոր մարդկանց խոցելի է դարձրել սովի առջեւ եւ համաշխարհային գների աճի է հանգեցրել: ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Էրդողանը զիջումների հասավ ՆԱՏՕ-ից սկանդինավյան երկրների անդամակցության հարցում եւ մերձեցում նախաձեռնեց Մերձավոր Արեւելքի մրցակից ուժերի հետ:

Հունիսին Էրդողանը նաեւ խոստում ստացավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից աջակցել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին այն բանից հետո, երբ Վաշինգտոնն արգելեց Անկարային գնել ավելի առաջադեմ F-35 կործանիչները՝ ռուսական զենք գնելու պատճառով:

Էրդողանին, ով մոտ մեկ դար առաջ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից ի վեր երկրի ամենաերկար ծառայած քաղաքական գործիչն է, մինչեւ 2023-ի հունիս խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ են սպասվում:

Անցյալ շաբաթ Metropoll-ի կողմից անցկացված հարցումը նրա ԱԶԿ-ին աջակցության մինչեւ 33.8 տոկոս աճ ցույց տվեց, որը շարունակում է ամենաբարձրը մնալ որեւէ կուսակցության համար: Բայց նա բախվում է ընդդիմադիր կուսակցությունների ոչ կայուն դաշինքին, եւ հարցումները ցույց են տալիս, որ նա հետ է մնում նախագահի ընդդիմադիր թեկնածուներից:

Ընտրողներին ամենաշատը մտահոգում է տնտեսության վիճակը եւ 3.6 միլիոն սիրիացի փախստականների առկայությունը, որոնց սիրիական հակամարտության սկզբում Թուրքիան ողջունում էր, բայց որոնք թուրքերի կողմից գնալով ավելի շատ են որպես մրցակիցներ դիտվում աշխատատեղերի եւ սերվիսների մասով։

«Կառավարությունն արտաքին քաղաքականությունը որպես նյութ է օգտագործում՝ տնտեսական աղետը թաքցնելու համար, որի մեջ նա ներքաշել է երկիրը՝ տանը «դիվանագիտական ​​հաղթանակի» մասին պատմություններ պատմելով»,- ասել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր եւ  դրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական Էրդողան Թոփրաքը։ Թոփրաքը նշել է, որ նույնիսկ դիվանագիտական ​​ճակատում Էրդողանը զիջումների էր գնում, որոնք «վնաս են հասցնում մեր երկրի արժանապատվությանը» եւ ներքաշում թուլության մեջ։

2013-ին զանգվածային հակակառավարական ցույցերը եւ 2016-ի հեղաշրջման փորձը վերապրած Էրդողանը ձգտում էր վերականգնել լարված հարաբերությունները մերձարեւելյան այլ տերությունների հետ՝ մասամբ՝ այդքան անհրաժեշտ արտասահմանյան միջոցների ներգրավման հույսով:

Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Թուրքիայի մրցակիցը Լիբիայի քաղաքացիական պատերազմում եւ Կատարի շուրջ Պարսից ծոցի վեճում, միացել է Չինաստանին, Կատարին եի Հարավային Կորեային Անկարայի հետ արժույթի փոխանակման գործարքներում, որոնց ընդհանուր արժեքը 28 միլիարդ դոլար է: Թուրքիան նաեւ Սաուդյան Արաբիայի հետ գործարքի հույս ունի եւ քայլեր է ձեռնարկել Եգիպտոսի եւ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

«Ընտրողները տեղյակ են դիվանագիտության առավելությունների մասին: Երբեմն նրանք կբողոքեն տնտեսությունից կամ փախստականներից, բայց կքվեարկեն Էրդողանի օգտին՝ արդյունավետ Թուրքիայի պահպանման համար»,- ասել է ԱԶԿ-ի ներկայացուցիչը։

Մերձավոր Արեւելքում եւ դրա սահմաններից դուրս Էրդողանի դիվանագիտության բանալին այն է, ինչ նա Պուտինի հետ «փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա հիմնված փոխըմբռնում» անվանեց՝ հարաբերություններ, որոնք աճող անհանգստություն են առաջացնում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանում։

Թուրքիան ձգտում էր հավասարակշռություն գտնել՝ քննադատելով ռուսական ներխուժումը եւ զենք մատակարարելով Ուկրաինային՝ միաժամանակ հրաժարվելով միանալ Արեւմուտքին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում: Այդ դիրքորոշումը, նրա խոսքով, օգնեց իր միջնորդական ջանքերին օգուտներ քաղել: