Վրաստանի Աջարիա երկրամասը հայաստանցիներին ներկայացնելու կարիք, թվում է, չկա։ Տարիներ շարունակ այն ծովափնյա հանգստի ամենապահանջված ուղղություններից է հայաստանցիների շրջանում։ Հատկապես Քոբուլեթը, որը, չափազանցություն չի լինի ասել՝

ամռանը հայկական շունչ է ստանում։

Չնայած դրան՝ Վրաստանի արեւմտյան այս շրջանում կան բազմաթիվ գողտրիկ անկյուններ, արժեքավոր տեսարժան վայրեր, որոնք հաճախ վրիպում են լողափնյա հանգստով տարված այցելուների ուշադրությունից։

Աջարիան արևմուտքից եզերում է Սև ծովը, իսկ մյուս երեք կողմերից՝ Փոքր Կովկասի լեռնաշղթան՝ երկրամասը բաժանելով հարթավայրային և լեռնային հատվածների։ Բնության այսպիսի բազմազանությունը զուգորդված հին պատմության և մշակույթի հետ բարենպաստ պայմաններ է ստեղծել զարգացնելու զբոսաշրջության գրեթե բոլոր հայտնի տեսակները՝ ծովային, լեռնադահուկային, մշակութային, էկո, գինու եւ գաստրո տուրիզմ, գյուղական տուրիզմ և այլն։

Բաթում և Քոբուլեթ

Բաթումը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքն է, մեծությամբ երկրորդ քաղաքը Վրաստանում։ 2000-ամյա պատմություն ունեցող այս քաղաքը վերջին տարիներին մեծ թափով «երիտասարդանում» է՝ միաժամանակ պահպանելով հին դեմքը․ հին Բաթումի՝ 19-րդ դարին թվագրվող շենքեր կողքին վեր են խոյանում ճարտարապետական նորագույն լուծումներով երկնաքերերը, հին բուլվարի կողքին կառուցվում են ժամանցի ժամանակակից կենտրոններ։

Հին և նոր Բաթումները ծովափի երկայնքով միացնում է աշխարհի ամենաերկար ծովափնյա զբոսայգիներից մեկը՝ Բաթումի բուլվարը, որն ունի 8կմ երկարություն։ Բուլվարի երկայնքով աճում են տարբեր երկրներից բերված բազմաթիվ ծառատեսակներ ու բուսատեսակներ, կան մեծ թվով բնական և արհեստական ջրավազաններ, զբոսնելիս կարելի է հանդիպել ժամանակակից արվեստի յուրօրինակ նմուշների, որոնցից են միմյանց ուղղությամբ շարժվող եւ միաձուլվող կնոջ և տղամարդու՝ Ալիի և Նինոյի արձանները։ Բուլվարի շրջակայքում են գտնվում Բաթումի գրեթե բոլոր ժամանցային վայրերը, այդ թվում՝ դելֆինարիումը, հրաշքների այգին, երգող շատրվանները և այլն։

Բաթումը հայտնի է նաև իր հրապարակներով։ Հին Բաթումում վերջին տարիներին կառուցված հրապարակում, որը Վենետիկի Սան Մարկոյի ոճի նմանության պատճառով պիացցա են անվանել, գտնվում է Եվրոպայի ամենամեծ մարմարե խճանկարը։ Հրապարակի աշտարակից յուրաքանչյուր 3 ժամը մեկ հնչում են զանգերը, բացվում են փոքրիկ դռները, որոնցից դուրս եկած արձանիկները հետաքրքիր ներկայացում են ցուցադրում։ Երեկոյան 21։00-23։00–ը այստեղ կենդանի համերգներ են՝ տարբեր երաժշտական խմբերի եւ դիջեյների կատարմամբ։ Հին Բաթումում է գտվում նաեւ Եվրոպայի հրապարակը՝ հունական առասպելների հերոսուհի, կախարդուհի Մեդեայի մարմարե արձանը՝ ոսկե գեղմը ձեռքին։

Բաթումի գլխավոր տեսարժան վայրերից է բուսաբանական այգին։ Այստեղ աճող 2037 բուսատեսակների գերակշիռ մասը բերվել է Արևելյան Ասիայից, Նոր Զելանդիայից, Հարավային Ամերիկայից, Հիմալայներից, Ավստրալիայից և միջերկրածովյան երկրներից։

Բաթումում վերջին տարիներին զարգացել է խաղատնային և բիզնես տուրիզմը (գործնական համաժողովների, հանդիպումների անցկացում)։ Կան բազմաթիվ հյուրանոցներ և հյուրատներ՝ հարմար բոլորի գրպանին։

Հատկապես ընտանեկան հանգստի մեկնողներից շատերը գերադասում են Քոբուլեթը, որտեղ կարելի է ավելի հանգիստ ու մատչելի արձակուրդ անցկացնել։ Սա հայ զբոսաշրջիկների ավանդական ուղղություններից է, ինչի մասին վկայում են ամեն քայլափոխին հանդիպող հայատառ ցուցանականերն ու հայտարարությունները։ Բաթումից 21 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում բազմաթիվ մատչելի հյուրանոցներ և հյուրատներ կան, սննդի կետեր, այգիներ, մանկական խաղահրապարակներ։

Քոբուլեթում հանգիստը կարելի է ավելի հետաքրքրացնել՝ այցելելով քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ Ցիխիսձիրի գյուղում գտնվող Պետրա բյուզանդական ամրոց։ 6–րդ դարում կառուցված ամրոցը գտնվում է Սև ծովի ափին՝ քարքարոտ լանջի վրա, և ժամանակին համարվել է անառիկ բերդ։

Ինչպես Բաթումում, այդպես էլ Քոբուլեթում տուրիստական սեզոնին կազմակերպվում են բազմաթիվ համերգներ, փառատոններ։ Ծովում լողալուց և արևայրուք ընդունելուց չձանձրանալու համար կարող եք նավով շրջագայել, իսկ առավել համարձակների համար հասանելի են ծովափնյա էքստրեմալ հանգստի բոլոր տեսակները։

Լեռնային Աջարիա՝ ակտիվ հանգստի սիրահարների համար

Լեռնային Աջարիայում զբոսաշրջիկներին ընդունում են տարվա բոլոր եղանակներին։ Հատկապես ծովափին մոտ շրջաններում գրեթե երբեք չի դիտվում բացասական ջերմաստիճան, առկա են մշտական տեղումներ, ինչի շնորհիվ բարձրուղեշ լեռները մշտապես պատված են առատ բուսականությամբ՝ ապահովելով մաքուր օդ և գեղեցիկ տեսարաններ։

Լեռնային Աջարիան հարուստ է նաեւ գետերով և ջրվեժներով։ Մախունցեթի գյուղում գտնվող համանուն ջրվեժը՝ շուրջ 30 մետր երկարությամբ, ամենաբարձրերից է Աջարիայում։ Այստեղ է գտնվում նաեւ Թամար թագուհու օրոք (մ․թ․ XIII դար) կառուցված Մախունցեթիի ամենաերկար եւ ամենալայն կամուրջը։ Այստեղ գործում է ռաֆթինգի (ռետինե նավակներով նավարկություն գետում) ծառայություն, զիփլայն և էքստրեմալ ժամանցի այլ ծառայություններ։

Լեռնային Աջարիա այցելությունը կարելի է ամբողջացնել՝ այցելելով հռոմեական ծագում ունեցող Գոնիո բերդ, որի մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ․թ․ առաջին դարին։ Բերդը պատմության տարբեր շրջաններում պատկանել է Հռոմեական, Բյուզանդական և Օսմանյան կայսրություններին՝ կրելով դրանց պատմական հետքերը։

Կարելի է նաև այցելել Թուրքիայի հետ սահմանակից Սարփ ծովափնյա գյուղ, որի լողափեր հիմնականում այցելում են առավել համարձակ զբոսաշրջիկները, որոնք սիրում են ջեւրը նետվել բարձր ժայռերից։ Սարփ հասնելու ճանապարհին կարելի է նկատել փոքրիկ ջրվեժ, որի կողքին կանգնեցված է Անդրեաս առաքյալի արձանը, որն ավանդության համաձայն հիմք է դրել քրիստոնեական հավատին Վրաստանում։

Այցելելով Լեռնային Աջարիայի գյուղեր՝ կարելի է ծանոթանալ տեղի հարուստ մշակույթին, ճաշակել համեղ խոհանոցի նմուշներն ու փորձել հայտնի վրացական տնական գինիները։

Լեռնային և ծովափնյա Աջարիաների միջև է գտնվում Մտրիալա ազգային պարկը, որտեղ գործում են ակտիվ հանգստի տարբեր գոտիներ. կարելի է զբաղվել ձիավարությամբ, նստել տարբեր երկարությամբ և բարձրությամբ զիփլայններ, մասնակցել տարբեր արշավների, այդ թվում բարձրանալ Մտրիալա լեռ, լողալ գետերում, լեռնային ճանապարհներով արագընթաց մեքենաներ վարել և այլն։

Ապահով հանգիստ՝ առանց փաստաթղթային քաշքշուքների

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, երկիր մուտք գործելու համար հանված են կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները։ Վրաստանը համարվում է աշխարհի ամենաապահով 10 երկրներից մեկը։ Երկրամասում գրեթե ամեն տեղ կարելի է վճարել անկանխիկ։ Բոլոր լողափերը հանրային են և բաց հանգստացողների համար։

Աջարիա Հայաստանից կարելի է հասնել մեքենայով, ավտոբուսով, գնացքով եւ ինքնաթիռով։ Ամենամատչելի՝ ավտոբուսով տարբերակի գինը մեկ մարդու համար սկսվում է 10 հազար դրամից։ Ըստ էության, Աջարիան ամենամատչելի ծովափնյա ուղղություններից է, որն այսօր հասանելի է Հայաստանի բնակիչներին։