Թայվանի ափերի մոտ չինական զորավարժությունների ֆոնին Վաշինգտոնում ԱՄՆ պաշտպանության մի խումբ փորձագետներ կենտրոնացել են կղզու շուրջ հնարավոր, բայց առայժմ բացառապես հիպոթետիկ ԱՄՆ-Չինաստան պատերազմի սեփական մոդելավորման վրա, գրում է Bloomberg-ը։

Ոչ պաշտոնական «իսկ ինչ կլիներ, եթե» խաղը տարվում է Սպիտակ տան մոտ գտնվող գրասենյակային շենքի հինգերորդ հարկում եւ կենտրոնացած է 2026 թ. չինական ներխուժմանն ԱՄՆ ռազմական պատասխանի վրա: Հնարավոր սցենարները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի եւ Թայվանի հաղթանակը, եթե այդպիսին լինի, կարող է շատ թանկ արժենալ:

«Արդյունքները ցույց են տալիս, որ սցենարների մեծ մասի դեպքում, թեեւ՝ ոչ բոլորի, Թայվանը կարող է հետ մղել ներխուժումը,- ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Կանչիանը, որտեղ տեղի են ունենում զորավարժությունները:- Սակայն գինը շատ բարձր կլինի Թայվանի ենթակառուցվածքների եւ տնտեսության, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ուժերի համար»:

Նիստերին, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբեր, ԱՄՆ պաշտոնաթող գեներալներն ու նավատորմի սպաները, ինչպես նաեւ Պենտագոնի նախկին պաշտոնյաները CSIS կենտրոնի վերլուծաբանների հետ միասին շախմատիստների նման մտորում են տախտակների վրա: Նրանք տեղափոխում են ուժերը, որոնք պատկերված են կապույտ եւ կարմիր ուղղանկյունների եւ փոքր փայտե քառակուսիների տեսքով, Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածի եւ Թայվանի քարտեզներով: Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերին։

Սցենարների մեծ մասում օգտագործվող ոչ պարտադիր ենթադրությունն այն է, որ Չինաստանը ներխուժում է Թայվան՝ ինքնավար կղզու հետ միավորումն արագացնելու համար, իսկ ԱՄՆ-ն որոշում է ակտիվորեն միջամտել իր զինված ուժերի միջոցով։ Նաեւ ենթադրվում է, բայց՝ ոչ հստակ, որ Ճապոնիան Միացյալ Նահանգներին ընդլայնված իրավունքներ է տրամադրում՝ իր տարածքում տեղակայված բազաներն օգտագործելու համար՝ ընդ որում, ուղղակիորեն չմիջամտելով, քանի դեռ ճապոնական հողը հարձակման չի ենթարկվել: Միջուկային զենքերը սցենարներում չեն օգտագործվում, իսկ հասանելի զենքը հիմնված է այն հնարավորությունների վրա, որոնք երկրները ցուցադրել են կամ մինչեւ 2026 թվականը դրանք տեղակայելու պլաններ ունեն։

Վերջին օրերին չինական հրթիռների արձակումները՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի, ընդգծեցին Չինաստանի ներուժը, որն արդեն դրված է խաղային պրոցեսի մեջ:

Սպիտակ տան նախկին պաշտպանական բյուջեի վերլուծաբան եւ պաշտոնաթող ծովային հետեւակային Կանցիանի խոսքով՝ խաղի 22 ռաունդներից 18-ում չինական հրթիռները խորտակել են ԱՄՆ-ի եւ ճապոնական վերջրյա նավատորմի մեծ մասը եւ ոչնչացրել «հարյուրավոր ինքնաթիռներ»։ «Սակայն դաշնակիցների հակագրոհներն օդից եւ ծովից հարված են հասցնում չինական անպաշտպան դեսանտային եւ վերջրյա նավատորմին, ինչի արդյունքում մոտ 150 նավ խորտակվեց»։

«ԱՄՆ-ի մեծ կորուստների պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները չի կարող մինչ մոտենալը Չինաստանի պաշտպանության ոչնչացմանն ուղղված համակարգված արշավ իրականացնել»,- ասել է նա: «Միացյալ Նահանգները պետք է ուժեր ուղարկի չինական նավատորմի վրա հարձակվելու համար, հատկապես՝ դեսանտային նավերի վրա, նախքան օդում կամ ծովում գերակայություն հաստատելը»,- ասել է նա։

«Կորուստների մասշտաբների մասին պատկերացում ունենալու համար խաղի մեր վերջին տարբերակում ԱՄՆ-ն չորս շաբաթ տեւած հակամարտության ընթացքում ավելի քան 900 կործանիչ/հարձակողական ինքնաթիռ կորցրեց: Դա նավատորմի եւ ռազմաօդային ուժերի ռեզերվների մոտ կեսն է»։

Չինական հրթիռային ուժերն «ավերիչ են այնքան ժամանակ, քանի դեռ պաշարներ կան», ուստի ամերիկյան սուզանավերը եւ հեռահար հրթիռներով ռմբակոծիչները «հատկապես կարեւոր են,- ասել է նա:- Թայվանցիների համար կարեւոր են հականավային հրթիռները, այլ ոչ թե վերջրյա նավերն ու ինքնաթիռները»: Վերջրյա նավերին «դժվար է գոյատեւել, քանի դեր չինացիներն հեռահար հրթիռներ ունեն»։

Թայվանի պաշտպանական հնարավորությունները հաշվարկի հատկապես կարեւոր մասն են կազմում, քանի որ դրա ուժերը պատասխանատվություն կկրեն հարավից չինական դեսանտներին զսպելու համար՝ սցենար, որը խաղարկվում է մոդելավորման մեջ։

«Ցամաքային պատերազմի հաջողությունը կամ ձախողումն ամբողջությամբ կախված է թայվանական ուժերից»,- ասել է Կանչիանը: «Այս պահին խաղի բոլոր ինտերացիաներում չինացիները կարողացել են պլացդարմներ ստեղծել, բայց շատ դեպքերում չեն կարող ընդլայնել այն: Նրանց դեսանտային նավատորմի հյուծումը սահմանափակում է այն ուժերը, որոնք նրանք կարող են տեղակայել եւ աջակցել: Որոշ դեպքերում չինացիներին հաջողվում էր պահել կղզու մի մասը, բայց՝ ոչ ամբողջ կղզին»։

Ամերիկյան արտադրության «Հարփուն» հականավային հրթիռները եւ թայվանական արտադրության զենքերը, որոնց տիրապետում է կղզին, մեծ դեր կխաղան Չինաստանի ծովային դեսանտի շուտափույթ ոչնչացման գործում, մինչդեռ Թայվանի ռազմածովային նավատորմը եւ նրա օդուժի կեսը կկործանվեն հակամարտության առաջին օրերին։

«Թայվանը մեծ կղզի է, եւ դրա բանակը մեծ է»,- ասել է Քեմբրիջի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտնական Էրիկ Հեգինբոթամը, ով մասնակցում է զորավարժություններին։ «Սակայն որակական տեսանկյունից Թայվանի բանակն ամենեւին այն չէ, ինչ պետք է լիներ, եւ մենք դա ներկառուցեցինք խաղի մեջ: Ամբողջությամբ կամավորական բանակին անցումը ձախողվեց, եւ թեեւ ժամկետային զինծառայողները կարեւոր բաղադրիչ են մնում, նրանք ծառայում են ընդամենը չորս ամիս»:

«Մենք ամենահոռետեսական սցենարները չունեինք, երբ Չինաստանը կարող է գրավել ամբողջ կղզին»,- ասել է Կանչիանը:

Նրա խոսքով՝ ռազմական խաղերի մնացած չորս փուլերը «որոշ այլընտրանքային սցենարներ կդիտարկեն, ինչպիսիք են ԱՄՆ-ի կողմից Թայվանին աջակցության հետաձգումը, Ճապոնիայի խիստ չեզոքությունը եւ Չինաստանին մի շարք առավելություններ տվող հոռետեսական սցենարը»: