Միացյալ Նահանգները ձգտում է «իսկական գործընկերության» Աֆրիկայի հետ եւ չի փորձում «գերազանցել» մյուս համաշխարհային տերություններին մայրցամաքում ազդեցության համար պայքարում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը Աֆրիկայի վերաբերյալ ԱՄՆ կառավարության նոր ռազմավարությունը ներկայացրել է Հարավային Աֆրիկայի երկրներում իր շրջագայության ընթացքում։ Այցը հաջորդել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աֆրիկյան ընդգրկուն շրջագայությանը։

Բլինքենը հավաստիացրել է, որ  Միացյալ Նահանգներն այս շրջանը չի համարում «վերջին խաղահրապարակ մեծ տերությունների միջեւ մրցությունում»։ «Մեր հավատարմությունը Աֆրիկայի հետ գործընկերության ամրապնդմանը չի նշանակում, թե մենք փորձում ենք գերազանցել որեւէ մեկին»,- ասել է բարձրաստիճան ամերիկյան դիվանագետը մայրաքաղաք Պրետորիայում, հարավաֆրիկացի պաշտոնակցի՝ Նալեդի Պանդորի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Պանդորը նշել է, որ ոչ ոք Հարավային Աֆրիկայում չի պաշտպանում պատերազմն Ուկրաինայում, եւ Ռուսաստանն անվանել է «աննշան տնտեսական գործընկեր», բայց ավելացրել է, որ ուրախ է, որ Միացյալ Նահանգներն իր երկրին չի խնդրում որեւէ մեկի կողմը գրավել։ Նրա խոսքով՝ Եվրոպայում եւ այլ երկրներում առաջ է եկել «հովանավորչական ծաղրի զգացողություն»։ «Մենք պետք է հավասար չափով անհանգստացած լինենք այն բանով, թե ինչ է կատարվում Պաղեստինի ժողովրդի հետ, ինչպես նաեւ նրանով, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի ժողովրդի հետ»,- ասել է նա՝ նկատի ունենալով մարտական գործողությունների բռնկումը Գազայում։

Ավելի ուշ, Պրետորիայի համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ Բլինքենը ներկայացրել է ԱՄՆ նոր ռազմավարությունը Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրների համար, որը, նրա խոսքով, կենտրոնացած է չորս գերակայությունների վրա՝ «թափանցիկության» եւ դեմոկրատիայի խրախուսում, տնտեսական զարգացման ձգտում եւ պայքար գլոբալ ջերմացման դեմ։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները եւ աֆրիկյան երկրները պետք է միասին աշխատեն՝ որպես «հավասար գործընկերներ», լուծելու համար այդ խնդիրները։ «Չափից ավելի հաճախ են աֆրիկյան երկրներին վերաբերվել որպես այլ երկրների առաջընթացի գործիքի, այլ ոչ թե որպես սեփական առաջընթացը կերտողի»,- ասել է նա։ «Միացյալ Նահանգները չի թելադրի ընտրություն Աֆրիկայի համար։ Այդ ընտրությունը կատարելու իրավունքը պատկանում է աֆրիկացիներին եւ միայն աֆրիկացիներին»։

«Մենք ամենից շատ ձգտում ենք իսկական գործընկերության Միացյալ Նահնագների եւ Աֆրիկայի միջեւ։ Մենք չենք ցանկանում անհավասար եւ տրանզակցիոն հարաբերություններ»,- ասել է Բլինքենը ճեպազրույցում։