44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ավելի քան մեկ ժամ է՝ սպասում են Պաշտպանության նախարարության շենքի առջեւ՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած անգամ իրենց ասել են, որ նախարարը  չի ընդունի իրենց, քանի որ ժամանակ չունի: «Պապիկյանը պարտավոր է մեզ ընդունել, քանի որ մենք այս երկրի համար զոհել ենք մեր ամենաթանկը: Մենք որքան պետք է՝ սպասելու ենք: Պապիկյանն ու Սարգսյանը պետք է պատասխան տան՝ ո՞ւմ հրամանով է Մարտակերտի 5-րդ պաշտպանականը տեղափոխվել Մարտունի 2»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:  

Վահիդ Սահակյանը նշեց, որ իրենք պահանջում են նաեւ հանդիպում գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ. «Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանի՝ ի՞նչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ հետնահանջի հրաման չի տրվել, ո՞ւմ հրամանով է գումարտակը 5-րդ պաշտպանականից տեղափոխվել 2-րդ պաշտպանական եւ այլն»,- ասաց նա: Ծնողները ասացին, որ իրենք կհեռանան այստեղից, երբ ստանան իրենց հարցերի պատասխանները:  «Մեզ այստեղից հանգստացնում, ուղարկում են տները: Բայց մենք մինչեւ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց նա: