Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանել է, թե արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, այժմ անազատության մեջ գտնվող, ՀՅԴ–ական Տարոն Մանուկյանին թույլ չեն տվել հանձնել ավարտական քննությունները։

NEWS.am—ի գրավոր հարցման ի պատասխան Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. 

1.            ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող Տարոն Գեղամի Մանուկյանին եզրափակիչ քննությունները հեռախոսային կապի միջոցով հանձնելու թույլտվություն տալ հնարավոր չէ, քանի որ Երևանի պետական համալսարանում քննություններն անցկացվում են առկա (լսարանային) ձևաչափով:

2.            Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշման՝ «Արևելագիտություն» մասնագիտությունը ներառված է հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում: Սոցիալական ցանցերում որպես օրինակ ներկայացված ցմահ դատապարտյալների դեպքերի առնչությամբ ցանկանում ենք պարզաբանել, որ նշված դեպքերում քաղաքացիներն ընդունվել են այն բաժինները և ուսանել են այն մասնագիտություններով, որոնց պարագայում թույլատրված է հեռակա ուսուցում։ Մասնավորապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իր ուսումը չի կարողացել շարունակել ԵՊԲՀ-ում, որտեղ առկա ձևաչափով սովորել է մինչև երրորդ կուրս։ Հետագայում Մհեր Ենոքյանն ընդունվել և ավարտել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը։

3.            Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ուսանողը քննաշրջանի ընթացքում չհանձնած քննությունները հնարավորություն ունի հանձնելու ակադեմիական պարտքերի մարման շրջանում (1-ին շրջանը նախատեսվում է անցկացնել 2022 թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ շրջանը՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում):

Ավելի վաղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորը թույլ չէր տվել իր որդուն՝ Տարոն Մանուկյանին ավարտական քննությունները հանձնել հեռավար կարգով։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: