44-օրյա պատերազմում զոհված՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի զինծառայողների ծնողներին վրդովվեցրել է այն, որ նույն գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն  դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել:  Պատերազմում զոհված Վլադիմիր Կակոյանի հայրը՝ Իշխան Կակոյանը, այսօր՝ օգոստոսի 10-ին, Պաշտպանության նախարարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում պատմեց, որ հոկտեմբերի 27-ին, երբ զոհվել է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը, զինծառայողները մնացել են առանց հրամանատարի, 3 օր անց տղաները զոհվել են։ 

«Մեր զինակից ընկերներն են ասել, որ վաշտը մնացել է առանց հրամանատարի: Քյարամյանը ասում է, որ օգնություն է ուղարկել, բայց չի հասել: Եթե օգնությունը չի հասել, ապա ինչու ես տղաներին թողել բարձունքում: Մենք բազմիցս ցանկացել ենք հանդիպել, բայց ինքը խուսափում է հանդիպումից: Քյարամյանը ի՞նչ է արել, որ ստացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, տղաներն են կռվել, ինքը 17 կմ հեռու է եղել»,- ասաց նա: 

 

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Զինծառայողները զոհվել են հոկտեմբերի 30-ին Ուրյան սարում։ Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ Նշենք նաև, որ ծնողները պահանջում են հանդիպում կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Տևական ժամանակ է՝ ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները:

Զինծառայողների ծնողներին վրդովվեցրել է այն, որ նույն գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել:

Նշենք նաև, որ այսօր զոհվածների ծնողները փորձել են Պաշտպանության նախարարություն մուտք գործել, սակայն նրանց թույլ չեն տվել: