Թուրքիան եւ Իսրայելը ծրագրում են համաժողով կազմակերպել տնտեսության եւ առեւտրային հարաբերությունների վերաբերյալ՝ ձգտելով շտկել իրենց հարաբերությունները, հաղորդում է Asharq Al-Awsat-ը՝ վկայակոչելով Թել Ավիվում անանուն քաղաքական աղբյուրը։

Աշնանը Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը դեսպան Մատան Շաֆրանին նշանակել է Թուրքիայում տնտեսական նոր կցորդ, հաղորդում է Լոնդոնում տեղակայված թերթը։ Իսրայելի կողմից Ստամբուլում տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների գրասենյակի վերաբացումը, որը հայտարարվել է հուլիսին, արտացոլում է հարաբերությունների խորացման Իսրայելի հանձնառությունը, ասել է Բարբիվայը։

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունները սրվել են արդեն մեկ տասնամյակ՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ին Թուրքիայի աջակցությամբ, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքի քննադատությամբ եւ արեւելյան Միջերկրական ծովում էներգետիկ քաղաքականությամբ։

Ըստ Asharq Al-Awsat-ի՝ անցած տարի առեւտուրը հասել է ռեկորդային 7,7 միլիարդ դոլարի՝ տարեկան 30 տոկոսով ավելի: Թուրքիան Իսրայելի չորրորդ առեւտրային գործընկերն է։ Ուրբաթ օրը Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ասելով, որ դա «կանխարգելիչ քայլ է Իսլամական ջիհադի հարձակումը կանխելու համար»: Չնայած Թուրքիան դատապարտում է հարվածները եւ ասում, որ «խորապես մտահոգված է» բռնության վերջին փուլով, նա պաշտպանում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը՝ չմասնակցել ռազմական գործողություններին։