Չորս մետրանոց բեւեռային դելֆինը, որին փրկարարներին հաջողվել էր դուրս բերել Սեն գետից, սատկել է Նորմանդիա տեղափոխելիս, հայտնում է The Guardian-ը։

Անասնաբույժները որոշել են քնեցնել ծովային կենդանուն, երբ նա սկսել էր դժվարությամբ շնչել։

«Չնայած բեւեռային դելֆինի փրկության աննախադեպ օպերացիային՝ ցավով հայտնում ենք նրա մահվան մասին»,- Twitter-ում գրել է Կալվադոս շրջանի պրեֆեկտը։

Այն փաստը, որ բեւեռային դելֆինի առողջությունը ճանապարհին վատացել էր, Associated Press-ին տված հարցազրույցում հաստատել է վայրի բնության փորձագետ Ֆլորենս Օլիվե-Կուրտուան։

«Ուղեւորության ժամանակ նրա վիճակը վատացավ, հատկապես՝ շնչառական ֆունկցիաների հետ կապված։ Միաժամանակ պարզ էր, որ կենդանին ցավ է զգում օդի պակասից։ Կենդանու տառապանքներն ակնհայտ էին, ուստի կարեւոր էր մեղմել դրանք։ Այնպես որ, մենք որոշեցինք դիմել էֆթանազիայի ընթացակարգին»,- բացատրել է նա: