Դիմում ենք ՀՀ եւ Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձեւավորի ի պաշտպանություն Արցախի եւ նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որին միացել են նաեւ Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը։

«Փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի էկսպանսիոնիստական ախորժակը օր օրի մեծանում է, նպատակ ունենալով ցեղասպանական գործողություններով հայաթափել Արցախը՝ ելնելով իրավական գործընթացի այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ձեւավորվել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, այն  է՝ իր տարածքով, իր սահմաններով, իր բնակչությամբ եւ օրինական ընտրված իշխանություններով,

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը ճանաչում է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ կարգավիճակը եւ հարգում է նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը։

 Հ․ Գ․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական կեցվածքը, դիմում ենք ՀՀ եւ Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձեւավորի ի պաշտպանություն Արցախի եւ նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորություն ենք վերցնում պաշտպանելու արցախահայությանը։

Սույն հայտարարությունը բաց է ստորագրության համար»,– ասվում է հայտարարության մեջ։