Իրանը տարածաշրջանում քաղաքական աշխարհագրության որեւէ փոփոխություն չի հանդուրժի եւ պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները կովկասյան տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, նրա աճի եւ զարգացման համար, ասել է նախագահ Ռայիսին։ Այս մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Mehr գործակալությունը։

Երկու երկրների հարաբերությունները բնութագրելով որպես պատմական եւ խոր՝ Ռայիսին ընդգծել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման պլանավորման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Կովկասում  վերջերս տեղի ունեցած հակամարտություններին՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն ստորագրած կողմերի հավատարմությունը դրա դրույթներին եւ մնացած հարցերի լուծումը երկխոսության եւ դիվանագիտական ճանապարհով՝ խաղաղության եւ անվտանգության ստեղծման լավագույն միջոցն են կովկասյան տարածաշրջանում։