Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաեւը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ կետը ենթադրում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորքախմբի հետագա վերատեղակայմամբ։

«Տարածաշրջանում իրավիճակը մնում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»,-ասել է նա։

Նեչաեւը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել հրադադարի ռեժիմը։