Վերին Լարսի անցակետում հայկական բեռնափոխադրող մեքենաների ընդհանուր ծավալը հուլիսին հունիսի համեմատ աճել է 10 %-ով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Արագ փչացող ապրանքների մասով խնդիր չունենք, դրանք անցնում են առանց հերթի, իսկ մյուս ապրանքների մասով, այո, ունենք։ Մեր արած աշխատանքների արդյունքում հուլիսին հունիսի համեմատ հայկական մեքենաների բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է 10 %-ով՝ մաքսազերծման երկրորդ ուղու ավելացման շնորհիվ։ Մենք ակնկալում էինք 30 %-ի ակտիվացում, հետեւաբար՝ պետք է շարունակենք մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ, որպեսզի մեծացնենք Վերին Լարսի թոհունակությունը Վերին Լարսի եւ այնտեղ լինի առանց հերթերի անցումը»,- նշեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ հայկական լաստանավի գործարկման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Դիտարկվում է բացառապես Փոթիի նավահանգստից օգտվելու տարբերակը։

«Մենք հիմա վերջնական աշխատանք ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը, 15-20 օրերի հարց է։ Դա հեշտ հարց չէ, հատկապես, եթե հաշվի առնենք ծանր աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ ճնշումը»,– ասաց նախարարը։