ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Բջնի համայնք եւ Կոտայքի մարզպետարանի, Բջնիի համայնքապետարանի աշխատակիցների եւ ոլորտի մասնագետի՝ որմնանկար վերականգնող Արեգ Պետրոսյանի հետ լուծումներ առաջարկելու նպատակով քննարկել են համայնքի նախկին մշակույթի տանը գտնվող ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն եւ ներկա» որմնանկարի պահպանության (ամրակայման եւ վերականգնման), հնարավոր տեղափոխման հարցերը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, ՀՀ անկախացումից հետո Բջնիի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է եւ մասամբ փլուզվել, ինչի արդյունքում որմնանկարը եւս վտանգված է։

ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, նախաձեռնել է իրականացնել հուշարձանի փրկարարական՝ ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։

Մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբը քննարկել է որմնանկարի պահպանության երկու հիմնական տարբերակ՝ այն տեղում ամրակայել եւ վերականգնել կամ տեղափոխել համապատասխան այլ վայր:                

Համաձայն առաջին տարբերակի՝ Կոտայքի մարզպետարանի միջոցներով պետք է իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական (սեյսմիկ, կոնստրուկտորական, ճարտարապետական) ուսումնասիրությունը՝ դիտարկելու շենքի հիմնանորոգման հնարավորությունը: Այս համատեքստում առաջնային են համարվել շինության ճակատային մասի հարթաքանդակների,  ծավալատարածական ու ճարտարապետական լուծումների եւ որմնանկարը անխաթար պահպանելու հանգամանքները:

Կողմերը փաստել են, որ հիմնանորոգումը երկուստեք շահավետ կլինի թե՛ որմնանկարի, թե՛ գյուղի ենթակառուցվածքների զարգացման առումով:                                     

Երկրորդ տարբերակը դիտարկելու դեպքում որմնանկարի տեղափոխման վայր կնախատեսվի Չարենցավան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոտայքի մարզպետարանի հետ իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական ուսումնասիրությունը, որից հետո հնարավոր կլինի քննարկել տեղում որմնանկարի փրկման (ամրակայման եւ վերականգնման) հետագա գործընթացը:

Առաջին տարբերակի անհնարինության դեպքում որմնանկարը կտեղափոխվի նախանշած վայր:

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն եւ ներկա» (1975 թ․) որմնանկարը 2018 թ. Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի կողմից ճանաչվել է պատմության եւ մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան։