44-օրյա պատերազմում զոհված ՝ «Ցորի»  զորամասի զինծառայողների ծնողները դեմել են դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել Պաշտպանության նախարարության դեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջիվան Միքայելյանը, որի որդին՝ Արտակ Միքայելյանը, «Ցորի» զորամասի 21 հրետանավորներից էր, որը զոհվել է 44-օրյա պատերազմում: Նրա խոսքով՝ քրեական գործ հարուցելու հիմնական պատճառն այն է, որ իրենք զանգահարել են նախարարության թեժ գիծ, և թեժ գծից նրանց հայտնել են, որ իրենք տեղեկություն չունեն, թե որտեղ են գտնվում զինծառայողները։ Ավելին, ըստ Միքայելյանի, ՊՆ–ից իրենց վստահեցրել են, որ անհանգստանալու կարիք չկա: 

«Հոկտեմբերի 12-ից հետո մի քանի անգամ կապ եմ հաստատել թեժ գծի հետ, իրենք ինձ ասում էին, որ ձեր տղայի մասին ոչ մի տեղեկություն չկա: Ասում էին, որ ոչ մի ցուցակում չկա տղայի անունը: Բոլորին նույն պատասխանն էին տալիս: Այսինքն ես երեխա չեմ ունեցե՞լ, մի տեղ պետք է լինի չէ՞ իմ որդու անունը: Իրենք իրավիճակին չէին տիրապետում, կամ էլ մեզ էին խաբում»,- ասաց նա:

Նշենք, որ «Ցորի» Դ-20 դիվիզոնի զոհված 21 զինծառայողներից 19-ի աճյունները հայտնաբերվել և հողին են հանձնվել պատերազմից ավելի քան մեկ տարի անց, իսկ 2 զինծառայող անհետ կորած են։ Զինծառայողների մահվան դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ, որի անջատված մասը դատաքննության փուլում է։ Գործով մեղադրյալի կարգավիճակում է նրանց հրամանատար Գեւորգ Գեւորգյանը, որը կալանավորված է։ Նա մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով դրսեւորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն այս գործով ևս հարցաքննվել է։ Զոհվածների հարազատները պահանջում են, որպեսզի այս գործով մեղադրանք առաջադրվի նաև Հարությունյանին։ Ըստ նրանց՝ նրա սխալ հրամանի պատճառով են իրենց որդիները զոհվել։