Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արդեն նշանակվել է։ Նա Աբեդին Վարամինն (Abedin Varamin) է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ հյուպատոսը Երեւանում է եւ արդեն հանդիպումներ է անցկացրել։ «Նա արդեն ստանձնել է պաշտոնը»,-հավելեց Բեգլարյանը։ 

Պատգամավորը ցավով նշեց, որ բյուրոկրատիայի պատճառով մի փոքր ձգձգվել է հյուպատոսի՝ անմիջապես աշխատանքի անցնելու գործընթացը՝ վստահեցնելով, որ այլ խոչընդոտներ չկան։ «Որքան գիտեմ, այն տարածքը կամ շենքը, որտեղ կտեղակայվի գլխավոր հյուպատոսությունը, դեռ պատրաստ չէ»,-ընդգծեց նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը, ամենայն հավանականությամբ, կբացվի 2022 թվականին։

Արամ Դանիելյան