Լեհաստանը Եվրամիության վերականգնման հիմնադրամից գումար կստանա միայն այն բանից հետո, երբ հասնի այն ցուցանիշներին եւ նպատակներին, որոնք Լեհաստանի կառավարությունը համաձայնեցրել է ԵՄ-ի հետ ամիսներ շարունակվող բանակցությունների ընթացքում, հայտարարել է Եվրահանձնաժողովը, փոխանցում է Reuters-ը։

Լեհաստանը դրամաշնորհների տեսքով  24 միլիարդ եվրո եւ շատ էժան վարկերի տեսքով 11.5 միլիարդ եվրո ստանալու իրավունք ունի՝ իր տնտեսությունը վերականգնելու համար:

Սակայն այդ գումարը սառեցված է, քանի որ Լեհաստանի իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը չի ցանկանում չեղարկել վերջին յոթ տարիների ընթացքում իրականացված դատական ​​համակարգի բարեփոխումները, թեեւ դա այն պայմաններից մեկն է, որը համաձայնեցվել է հանձնաժողովի հետ համատեղ։

«Օրենք եւ արդարություն» կուսակցության ղեկավարներն այս շաբաթ խոստացան, որ որեւէ զիջման չեն գնա եւ սպառնացին խոչընդոտել ԵՄ որոշումների կայացմանը, եթե Լեհաստանը չկարողանա օգտվել ԵՄ հիմնադրամից:

«Հանձնաժողովը եւ Լեհաստանը ամիսներ շարունակ մանրամասն քննարկել են այդ ծրագիրը, այն ստորագրվել է երկու կողմերի կողմից, ուստի թյուրիմացությունների տեղ չկա»,- հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։