Անցած գիշեր պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 375 խախտում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից, օգոստոսի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Երեւանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթեւոսյանն ու Երեւանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։

Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։ 21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին։

Պարեկները ուշադրություն են դարձրել նաեւ չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու դեպքերին։ 8 անձ տուգանվել է այդ խախտման համար։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։