Հույս չունեինք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կփոփոխի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, դատարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Աղվան Հովսեփյանին 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

«Միջնորդությունը ներկայացվել է այն անհրաժեշտությունից ելնելով, որ պարոն Հովսեփյանի առողջական վիճակը ծայրահեղ փուլում է։ Թե ով եւ ինչպես են գրավը վճարելու, այդ հանգամանքները չենք քննարկել։ Պարոն Հովսեփյանն ունի մեծ շրջապատ, բարեկամներ, բնականաբար բոլոր միջոցները ձեռնարկվելու են, որպեսզի անհրաժեշտ գումարը վճարվի»,- ասաց պաշտպան Ալեքսանյանը։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որն ընթանում է ծանր ձեւով։ Նրա պաշտպանները հղում անելով բժիշկներին, նշել են, որ Հովսեփյանի կյանքի ու առողջության համար վտանգ է սպառնում, եւ, որ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Օրերս Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ հետ վերադառնալիս ուշագնաց է եղել:

Նրա առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով դատարանի որոշմամբ ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով։

Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: