Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը դատի է տվել Բունդեսթագին՝ պահանջելով վերականգնել մասամբ հանված արտոնությունները, որոնք դադարեցվել էին մայիսին, տեղեկացրել է Spiegel-ը։

Նախկին կանցլերը պահանջում է, որպեսզի իրեն նորից տրամադրեն իր գրասենյակն աշխատակիցներով, տեղեկացրել է նրա փաստաբան Միխայել Նագելը։ Նա Շրյոդերի անունից համապատասխան հայց է ներկայացրել Բեռլինի վարչական դատարան։

Շրյոդերին խիստ քննադատել էին ռուսական էներգետիկ ընկերությունների ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապերի համար։

Սակայն Բունդեսթագի Բյուջետային կոմիտեն ուղղակիորեն չի կապել Շրյոդերի արտոնությունների չեղարկումը ռուսական էներգետիկ ընկերությունների հետ աշխատանքի կամ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ։

Բունդեսթագի Բյուջետային կոմիտեի որոշումը՝ կրճատել Շրյոդերի Բունդեսթագում ունեցած գրասենյակին հատկացվող միջոցները եւ դադարեցնել գրասենյակի աշխատանքը, անօրինական է, նշվել է իրավաբանական ընկերության հայտարարությունում։ «Հավաստիացվել է, որ նախկին դաշնային կանցլեր Գեհարդ Շրյոդերն այլեւս չի զբաղվում այսպես կոչված պաշտոնական պարտավորություններով։ «Բայց չի ճշտվել, թե իրականում ինչ են նշանակում «ծառայողական պարտավորությունները», ինչպես որոշել դրանց ընկալումը կամ չընկալումը, եւ ինչ արարողակարգի հետեւել հակառակ դեպքում»,- նշվել է հայտարարությունում։

Անցած տարի պետական գանձարանից Շրյոդերի գրասենյակի անձնակազմի ծախսերի համար հատկացվել է ավելի քան 400 000 եվրո։ Շրյոդերը շարունակում է 8 300 թոշակ ստանալ, ինչպես նաեւ մնացել է նրա անձնական պահպանության ծառայությունը։