Ղազախստանի մայրաքաղաքում բացվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթը։ Բացման արարողությանը մասնակցել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդում է Kazinform-ը։

«Անկախության ձեռքբերման պահից  մենք մզկիթներ ենք բացում երկրի բոլոր մարզերում։ Թող Ալլահը լսի բոլոր աղոթքները, որոնք կարդում են այս մզկիթներում: Մենք աղոթում ենք, որ Ալլահը օրհնի մեզ, եւ մեր անկախ պետությունը բարգավաճի»,-ասել է նա:

Նոր մզկիթը կառուցվել է երեք տարում՝ Նազարբաեւի նախաձեռնությամբ։

Հողատարածքի մակերեսը, որի վրա գտնվում է մզկիթը, կազմում է 10 հա։ Ընդհանուր մակերեսը կազմում է 68 062 քմ։ Մեծ գմբեթի բարձրությունը 83,2 մետր է, տրամագիծը՝ 62 մետր։ Մզկիթն ունի չորս մինարեթ, որոնց բարձրությունը 130 մետր է։