Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջև պոտենցիալ նոր գազային կապը կարող է գործարկվել առավելագույնը մեկ տարուց, եթե Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ համաձայնեն նախագծին: Այս մասին հայտարարել է Իսպանիայի էներգետիկայի նախարար Թերեզա Ռիբերան, փոխանցում է Reuters-ը։

«Այդ գազատարը կարող է գործարկվել մոտ ութ կամ ինը ամիս անց սահմանի հարավային մասում, այսինքն՝ Պիրենեյներից մինչեւ Իսպանիա», - ասել է Ռիբերան:
Ֆրանսիա-Իսպանիա կապը խողովակաշարի եւս մեկ հատված կպահանջի՝ իսպանական ցանցը ֆրանսիականին միացնելու համար:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ ասել էր, որ Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպային կապող խողովակաշարը «մեծապես կբարելավի մատակարարման իրավիճակը հիմա»՝ հավելելով, որ նա արդեն խոսել է Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ։

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան ասել է, որ Շոլցի հայտարարությունը «մեծացնում է ճնշումը եվրոպական կառույցների վրա՝ այդ իրավիճակը մեկընդմիշտ ապաշրջափակելու համար», եւ ենթադրել է, որ Իսպանիայից Իտալիա ծովային խողովակաշարն այլընտրանք կլինի Ֆրանսիայի տարածքով անցնող խողովակաշարին: