Գորիսում այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի ունեցավ վերակառուցված Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացումը։ Բացման արարողությանը մասնակցում էին քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Առուշ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերակառուցված թաղամասը նախկինում երբեւէ չի ասֆալտապատվել եւ բարեկարգվել։ Բացի այս թաղամասից՝ եւս հինգ թաղամաս է վերակառուցվում։

«Ծախսվող գումարի 55%-ը ներդրել է համայնքը, 45%-ը՝ պետությունը։ Այս պահի դրությամբ՝ համայնքում ընթանում է մոտ 2 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Կոնկրետ այս թաղամասի համար մոտ 135 մլն դրամ է պահանջվել, բայց թաղամասի հարակից հատվածները եւս պետք է կառուցվեն։ Մոտ այդքան գումար էլ պետք է տրամադրվի, որ թաղամասում աշխատանքներն ավարտվեն։ Մեր սկզբունքն է՝ քաղաքի ծայրամասային բոլոր թաղամասերը պետք է բարեկարգվեն»,- նշեց Առուշանյանը։

Քաղաքապետի խոսքով՝ վերանորոգումներն ընթանում են քաղաքի հին պատմական կենտրոնի տեսքը ստանալու համար։ Վերանորոգվող թաղամասերից երկուսն էլ կոչվելու են Մխիթար Սպարապետի եւ Դավիթ Բեկի անուններով։  Առուշ Առուշանյանի խոսքով՝ Գորիսի հյուրատները եւ հյուրանոցներն ունեն կարող են հյուրընկալել 1150 զբոսաշրջիկների։ Ըստ նրա՝ պատերազմից հետո զբոսաշրջության հոսքը քաղաքում աստիճանաբար վերականգնվում է։ 

«Մեր հասարակության մոտ կա թյուրըմբռնում, որ Սյունիք այցելելու ժամանակ պարտադիր պետք է թշնամու դիրքերով անցնեն։ Ես բոլորին հրավիրում եմ Գորիս, այստեղ անվտանգ է։ Մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք։ Մենք առավել շատ պետք է ցանկանանք գնալ վայրեր, որոնք սահմանամերձ են, թշնամուն մոտ, որ թշնամին տեսնի՝ մենք պատրաստակամ ենք, մեր հողի վրա կանգնած։ Թշնամուց պետք չէ վախենալ»,- ընդգծեց Առուշանյանը։

Առուշ Առուշանյանը հավելեց, որ Գորիսի չբնակեցված տները եւս կարող են հյուրատներ դառնալ։