Ստեփանակերտում արդեն երկար ժամանակ է՝ էլեկտրականության, գազամատակարման եւ կապի հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Շուռնուխում լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ 

Քաղաքապետը նշեց, որ չի կարող նշել 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատված քաղաքացիների կոնկրետ թիվը, սակայն նրանք բավական շատ են։ Ըստ Սարգսյանի՝ Լաչինի՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհն անհարմարություն չի ստեղծում արցախցիների համար։  «Արցախցիները պատրաստ են անհարմարություններին։ 4-5 կմ ճանապարհ պատրաստ են գնալ-գալ։ Կառավարությունը զբաղվում է ճանապարհով, արցախցիների տրամադրությունն էլ շատ լավ է։ Պատերազմից հետո ամուր կանգնած են իրենց հողի վրա։ Շինարարներն աշխատում են, կարճ ժամանակում այն նորմալ ճանապարհ կլինի»,- ասաց Սարգսյանը։ Հարցին՝ Բերձորից եւ Աղավնոյից դուրս բերվելո՞ւ են էլեկտրականությունն ապահովող լարերը, քաղաքապետը պատասխանեց․ «Չեմ հետաքրքրվել, բայց բոլոր հարցերը կարգավորվում են»։ Լրագրողի հարցին, թե ինչու է հասարակությունն Արցախի շուրջ կայացվող որոշումների մասին տեղեկանում ընդունումից հետո կամ ադրբեջանական կողմից, Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին․ «Ես քաղաքապետ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»։