Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթ Նյու Յորքում հարձակման ենթարկված հնդկաբրիտանացի հայտնի գրող Սալման Ռուշդին դանակահարվել է պարանոցի հատվածում։

«Նահանգային ոստիկանությունը հետաքննում է գրող Սալման Ռուշդիի վրա հարձակումը Նյու Յորք նահանգի Չաուտոկվա ինստիտուտում ելույթից առաջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ տղամարդը վազել է բեմ եւ հարձակվել է Ռուշդիի եւ նրա հարցազրուցավարի վրա։

«Ռուշդին դանակահարվել է պարանոցի հատվածում եւ ուղղաթիռով տեղափոխվել տեղի հիվանդանոց: Նրա վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ»,- հայտնել են ոստիկանությունից։

Ասում են, որ հարցազրուցավարը գլխի թեթեւ վնասվածք է ստացել: Հարձակվողը ձերբակալված է։

Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» (1988) վեպը վրդովմունք է առաջացրել մահմեդական աշխարհում, քանի որ այն ոչ իսլամական է  համարվում: Իրանի այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին իր ֆեթվայում հրապարակայնորեն անիծել է Ռուշդիին եւ մահապատժի է դատապարտել նրան։ Երկար ժամանակ գրողը ստիպված էր թաքնվել, նրա գիրքն արգելվել է մի շարք երկրներում։ Իրանում Խոմեյնիի ֆեթվայի կատարման համար բազմամիլիոնանոց պարգեւ է  հայտարարվել։