Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները, գրում է չինական MyDrivers կայքը եւ նշում, որ պատկերները ստեղծվել են Apple-ի նախկինում արտահոսած գծագրերի հիման վրա:

Հրապարակված ռենդերների համաձայն՝ նոր iPad-ում կպահպանվի Home ստեղնը՝ ներկառուցված մատնահետքի սկաներով։ Պատկերները համընկնում են նաեւ ավելի վաղ տարածված լուրերի հետ այն մասին, որ Apple-ի նոր բյուջետային iPad-ը կունենա պրեմիում դասի iPad Pro դիզայն՝ ավելի հարթ եզրերով եւ ավելի կլոր անկյուններով:

Ըստ չինացի ինսայդերի, որը տարածել է լուսանկարները,  iPad 10-ը կունենա 10,5 դյույմանոց էկրան, Apple A14 պրոցեսոր, ինչպես նաեւ 5G անլար կապի մոդուլներ, Wi-Fi 6 եւ Bluetooth 5.0:

Սպասվում է, որ նոր տարբերակի թողարկումը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերին, իսկ դրա գինը կսկսվի 399 դոլարից, ինչը 40 դոլարով ավել է նախորդի արժեքից։