Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կարգավորումը կարող է ՌԴ կազմում թողնել Ղրիմը եւ Դոնբասի մի մասը, որտեղ 2014 թվականից հետո հաստատվել է չճանաչված հանրապետությունների իշխանությունը։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

Քիսինջերը նաեւ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Արեւմուտքի պետությունները պետք է երկրին վերաբերվեն որպես ՆԱՏՕ անդամի, թեեւ ավելի վաղ քաղաքական գործիչը Կիեւի համար Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բուֆերի դեր էր կանխատեսել։

«Ես կողմ էի Ուկրաինայի լիակատար անկախությանը, սակայն կարծում էի, որ դրա լավագույն դերը Ֆինլանդիայի նման մի բան կլինի»,- ասել է նախկին դիվանագետը։

Դեռեւս հուլիսին Քիսինջերը հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ իր տարածքներից հրաժարվելու հարցը չպետք է հայտնվի Ռուսաստանի հետ բանակցությունների օրակարգում։ Ավելի ուշ կարծիք էր հայտնել այն մասին, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ստեղծել այնպիսի շրջանակ, որը ոչ մի դեպքում չի խախտվի։