ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ Վրաստանը շարունակում է բարեփոխումների ճանապարհով գնալ, սակայն ձախողվում է այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, կառավարումը եւ մարդու իրավունքները, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Բրյուսելը ներկայացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի կատարման տարեկան զեկույցը, փաստաթուղթ, որը գնահատում է, թե ինչպես է երկիրը հաղթահարում իր պարտավորությունները: Այն կքննարկվի ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստում, որը կկայանա սեպտեմբերի 6-ին։ Առայժմ ԵՄ ղեկավարությունը մեկնաբանում է զեկույցը:

Բորելն ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը պահանջում է «քաղաքացիների նկրտումներին համապատասխանող պետության պատասխանատու եւ բարեխիղճ մոտեցում»:

«Վրաստանը շարունակեց բարեփոխումների ուղին բարդ պայմաններում՝ COVID-19-ից հետո սոցիալ-տնտեսական վերականգնման, լարված քաղաքական իրավիճակի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի համատեքստում։ Այնուամենայնիվ, մենք հետընթաց ենք տեսնում օրենքի գերակայության, կառավարման եւ մարդու իրավունքների հիմնարար ոլորտներում», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին նույն կերպ է արտահայտվել: Նա նշել է, որ երկրի եվրոպական հեռանկարը ճանաչելուց հետո «գնդակն այժմ Վրաստանի կողմն է»՝ երկիրը պետք է կատարի Եվրահանձնաժողովի առաջարկությունները՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Ժողովրդավարական համախմբման, դատաիրավական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լուրջ հանձնառությունը առանցքային կլինի»,- ասել է Վարհելին:

Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը «կշարունակի աջակցել այդ առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված Վրաստանի ջանքերին», ինչպես նաեւ նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։