Տասնամյակների ընթացքում Իտալիայի ամենավատ երաշտը պատճառ է դարձել, որ երկրի ամենամեծ Գարդա լճի մակարդակն իջնի երբեւէ գրանցված գրեթե ամենացածր ցուցանիշին՝ դրսում թողնելով նախկինում ջրի տակն անցած ժայռերի հատվածները, գրում է AP`հավելելով, որ լճի ջրի ջերմաստիճանը տաքացել է:

Զբոսաշրջիկները, հանդիպել են տարբեր լանդշաֆտի, ի տարբերություն անցյալ տարիներին:

Հյուսիսային Իտալիայում ամիսներ շարունակ զգալի տեղումներ չեն գրանցվել. այս տարի ձյան տեղումները նվազել են 70 տոկոսով, ինչի հետեւանքով չորացել են Իտալիայի գյուղատնտեսական եւ արդյունաբերական կենտրոններով հոսող այնպիսի կարեւոր գետեր, ինչպիսին է Պոն:

 Եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները եւ Մեծ Բրիտանիան, այս ամռանը երաշտի պայմաններում են գտնվում, ինչը վնաս է հասցրել ֆերմերներին եւ իշխանություններին ստիպել՝ սահմանափակել ջրի օգտագործումը:

Իտալիայի ամենաերկար գետի՝ Պո գետի չոր վիճակն արդեն միլիարդավոր եվրոներ է արժեցել ֆերմերների համար, որոնք սովորաբար այն օգտագործում են դաշտերը եւ բրնձի արտերը ոռոգելու համար:

Դրա փոխհատուցման համար իշխանությունները թույլատրել են Գարդա լճից ջուր բաց թողնել՝ վայրկյանում 70 խմ ծավալով։ Սակայն հուլիսի վերջին ծավալը կրճատվել է՝ պաշտպանելու լիճը եւ դրա հետ կապված ֆինանսապես կարեւոր զբոսաշրջությունը։

Մինչդեռ, ըստ seatemperature.org կայքի, օգոստոս ամսվա ջերմաստիճանը լճում միջինից բարձր է եղել։ Ուրբաթ օրը Գարդայում ջրի ջերմաստիճանը եղել է գրեթե 26 աստիճան`ըստ Ցելսիուսի սանդղակի, որը մի քանի աստիճանով բարձր է օգոստոսի միջին 22աստիճան ջերմաստիճանից, և մոտենում է Կարիբյան միջին ջերմաստիճանին՝ մոտ 27 աստիճան ըստ Ցելսիուսի: