Իրաքում գտնվող, այսպես կոչված, Եդեմի այգին երեք տարվա երաշտից եւ սակավ տեղումներից տուժել է, ինչպես նաեւ հարեւան Թուրքիայից եւ Իրանից սկիզբ առնող գետերից եւ վտակներից ջրի հոսքի կրճատումից, գրել է AFP լրատվական գործակալությունը։

Իրանի հետ սահմանակից Խուվայզայի երբեմնի փարթամ ճահիճների հսկայական տարածքները չորացել են, եւ դրանց բուսականությունը դեղնել է: Նույն ճակատագրին են արժանացել Չիբայշի ճահիճների հայտնի զբոսաշրջային վայրերը։

«Ճահիճները մեր ապրուստի աղբյուրն են. մենք այստեղ ձկնորսություն էինք անում, եւ մեր անասունները կարողանում էին արածել եւ ջուր խմել», - ասել է մոտ գյուղերից մեկի 35-ամյա բնակիչ Ղասեդը:

Հարավային Իրաքի ճահիճները 2016 թվականին ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ թե՛ կենսաբազմազանության, թե՛ հնագույն պատմության համար:

Սակայն այժմ չոր առվակների հուներ են մնացել եւ տեղի Ում ան Նաաջ լիճը վերածվել է ցեխոտ ջրի լողավազանի:

Ինչպես նախկինում իր հայրը, այնպես էլ Ղասեդը գոմեշներ է աճեցնում, սակայն մոտ 30 կենդանիներից միայն հինգն են մնացել։

«Արդեն երկու տարուց ավելի է՝ բողոքում ենք, եւ ոչ ոք մեզ չի լսում», - ասել է Ղասեդը։

Միջագետքի ճահիճները, որոնք գտնվում են Տիգրիս եւ Եփրատ գետերի միջեւ, տուժել են Սադամ Հուսեյնի օրոք, ով 1991 թվականին հրամայել էր չորացնել դրանք՝ որպես պատիժ ապստամբներին պաշտպանող համայնքների:

2020 թվականի օգոստոսից մինչեւ ընթացիկ ամիսը հարավային Իրաքի ճահիճների 46 տոկոսը, ներառյալ Հուվայզան եւ Չիբայիշը, ամբողջությամբ կորցրել են մակերեւութային ջրերը: Ճահիճների եւս 41 տոկոսը տուժել է ջրի մակարդակի եւ խոնավության անկումից:

Իրաքում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարել է, որ ճահիճները «Իրաքի ամենաաղքատ եւ կլիմայի փոփոխության հետեւանքով ամենաշատ տուժած շրջաններից են»:

Բնապահպան ակտիվիստ Ահմեդ Սալեհ Նիման ասել է, որ ճահիճներում «այլեւս ձուկ չկա», ինչպես նաեւ չկա ջրասամույրի ենթատեսակը: Նա նշել է «աղետալի հետեւանքները» ավելի քան 6000 ընտանիքների համար, որոնք կորցնում են իրենց գոմեշներին, եւ եզակի կենսական ակտիվները։