Շոտլանդիայի ոստիկանությունը հետաքննում է «Հարի Փոթերի» հեղինակ Ջ. Ք. Ռոուլինգի դեմ ուղղված «առցանց սպառնալիքը»՝ ի պատասխան գրող Սալման Ռուշդիին աջակցող իր մեկնաբանության:

«Մենք առցանց սպառնալիքների մասին հաղորդում ենք ստացել, եւ ոստիկանները հետաքննում են», - ասել է Շոտլանդիայի ոստիկանության ներկայացուցիչը:

57-ամյա գրողն իր թվիթերյան էջում գրել է, որ իրեն վատ է զգացել, երբ լուրեր են տարածվել Նյու Յորքում Ռուշդիի վրա իրականացված հարձակման մասին: Ի պատասխան՝ մի օգտատեր գրել է՝ «Մի անհանգստացիր, հաջորդը դու ես»:

Ռոուլինգը կիսվել է պատասխանի էկրանանկարով՝ Twitter-ի մոդերատորներին հարցնելով արդյոք աջակցության որեւէ հնարավորություն կա:

Նույն թվիթերյան հաշիվը, որը, ենթադրաբար հիմնված է Պակիստանում, նաեւ հաղորդագրություններ է հրապարակել՝ գովաբանելով Ռուշդիի վրա հարձակվողին: