«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նա նշեց, որ հրավառության նյութերից որոշ մաս դեռ կա տարածքում, ինչի հետևանքով էլ պարբերաբար հրդեհ է բռնկվում. «Ինչպես նաեւ պլաստիկ նյութ շատ է եղել պահեստում, դա անդադար վառվում է։ Նորմալ է, որ դա մի քանի օր կարող է տեւել, մենք դրան պատրաստ ենք»։

Նախարարը հայտնեց, որ այս պահին էլ որոնողափրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. «Հրդեհը միայն պահեստի տարածքում է բռնկվում, մնացած մասում հանգած է։ Այս նկատվող ծուխը գոլորշին է, նաեւ մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, թթվածին է անցնում եւ մի փոքր կարող է ծխալ»։

Փամբուխչյանն ասաց, որ որոնողափրկարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15 քաղաքացի, բուժում է ստանում 23 քաղաքացի, որոնվում է 18 քաղաքացի. «Նրանց տվյալները մենք ունենք, տեղյակ ենք՝ եղել են արցելու, թե տոնավաճառի աշխատակիցներ»։

Նախարարը նշեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է մոտ 70 փրկարար. «Ընդհանուր առմամբ 7 փրկարար ստացել էր տարբեր վնասվածքներ, որոնցից 2-ը հոսպիտալացվել են, մյուսները տեղ ստացել են բուժօգնություն»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։