«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրերին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Նա նշեց, որ մեծ թվով կամավորներ եւ հավելյալ տեխնիկա ներգրավելու անհրաժեշտություն չկա։

«Մենք գործ ունենք նյութերի հետ, որոնք մինչեւ բոլոր հարկերում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտված չլինեն, չեն կարող նշել հրդեհի մարման մասին։ Նյութը շատ հրավտանգ է, մենք գործ չունենք ստանդարտ հրդեհի հետ։ Պայթյունի վտանգ չկա, կա մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն։ Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»,- ասաց Դավիթ Համբարյանը։

ԱԻ փոխնախարարը հայտնեց, որ այս պահին որոնվում է 15 քաղաքացի։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։