«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, հաշվի առնելով, որ փլատակների տակ ունենք մարդիկ. մեծ հույս ունենք, որ նաեւ կենդանի մարդիկ։ Շենքի փլուզման վտանգ իրականում կա, հիմա իրականացնում ենք սյուների վնասազերծումը, որոնք դրանք իրենցից նույնպես վտանգ են ներկայացնում։ Սյուները կվնասազերծենք, կունենանք դաշտ՝ աշխատելու, որովհետեւ հավանական փլատակի տակ հայտնված քաղաքացիների հենց վայրն այնտեղ է նշմարվում»,- ասաց նախարարը։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ վիրավորների շրջանում կան եւ՛ այցելուներ, եւ՛ աշխատակիցներ. «Ներկա պահին չեմ կարող նշել, թե քանիսն են այցելու եւ աշխատակից»։

Նշենք, որ առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։