Հաշվետու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործող նավթի եւ գազի հորատման սարքավորումների թիվը նվազում է երկրորդ շաբաթն անընդմեջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նավթահանքերի սպասարկման Baker Hughes ընկերությանը:

Հորատման սարքավորումների ավելացման հետ կապված խնդիրները բացատրվում են նրանով, որ ակնկալվում է, որ նավթի արդյունահանումը մինչհամաճարակային մակարդակի կհասնի միայն հաջորդ տարի:

Baker Hughes-ի տվյալներով՝ օգոստոսի 6-12-ն ընկած շաբաթվա ընթացքում նավթի եւ գազի ակտիվ հարթակների թիվը նվազել է 1 միավորով՝ մինչեւ 763 միավոր:

Ակտիվ հորատման սարքավորումների թիվը նվազել է 2020 թ. օգոստոսից ի վեր առաջին անգամ։
Հորատման սարքավորումների ընդհանուր թիվը 263 միավորով կամ 53 տոկոսով ավել է, քան մեկ տարի առաջ, հայտնել է Baker Hughes-ը:

Նավթի հորատման սարքավորումների թիվը հաշվետու շաբաթում ավելացել է 3 միավորով՝ հասնելով 601 միավորի, իսկ գազի հորատման սարքավորումների թիվը նվազել է 1 միավորով՝ մինչեւ 160 միավոր։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը 2021 թ. օրական 11.3 միլիոն բարելից 2022 թ. կվերականգնվի օրական 11.9 միլիոն բարել, իսկ 2023 թ.՝ օրական 12.7 միլիոն բարել: 2019 թ. նավթի արդյունահանումը պատմական առավելագույնի էր հասել՝ օրական 12.3 միլիոն բարել։

Թեեւ մինչեւ հուլիս ակտիվ հորատման սարքավորումների ընդհանուր թիվն ավելացել է 24-րդ ամիսն անընդմեջ, ինչը ռեկորդային աճի շարք էր, ցուցանիշի շաբաթական աճը չի գերազանցում 10 միավորը։