«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի ժամանակ քարերը միանգամից լցվել են ներս։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց պայթյունին ականատեսը, ում եղբոր խանութը նշված առեւտրի կենտրոնում է։

«Միանգամից քարախառը ալիք էր։ Եթե այս քարը կարող է այնտեղից գալ, հասնել այստեղ, ուրեմն ուժգին էր։ Հենց պայթյունի ժամանակ այս քարերը միանգամից եկան ու լցվեցին ներս։ Ես կողմնորոշվեցի, Աստծուց էր, որ մեր վրա չընկավ»,- պատմեց ականատեսը։

Նա հայտնեց, որ խանութի աշխատակիցներից մեկը ոտքից վիրավորում է ստացել. «Նա հիմա տանը պառկած է»։

Հարցին՝ արդյոք հայտնի՞ է, թե իր եղբոր խանութը որքան վնաս է կրել, ականատեսն ասաց. «Կհաշվենք, եթե մարդկային զոհերից հետո մտածես նյութականի մասին, դա էլ ճիշտ չէ։ Առաջնահերթն այն է, որ մարդու բան չի եղել, մնացածը կլինի. աշխատողն էլ ենք մենք, ստեղծողն էլ»։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։ Պայթյունի հետեւանքով կան նաեւ քաղաքացիներ, որոնք մնացել են փլատակների տակ. նրանց թիվը 19-ն է։