Գերմանիայում հոկտեմբերից բոլոր սպառողները գազի մեկ կիլովատտ ժամի համար (կՎտ/ժ) 2,419 եվրոցենտ հավելավճար կմուծեն: Չորս հոգուց բաղկացած միջին ընտանիքի համար դա կկազմի տարեկան մոտ 480 եվրո, հայտնում է Reuters-ը։

Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հավելավճարը համապատասխանում է կառավարության ակնկալիքներին:

Գնաճը Գերմանիայում արդեն 8,5 տոկոս է կազմում, իսկ տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վարձավճարների ավելացումը կհանգեցնի կյանքի արժեքի հետագա աճի։

«Սպասվում է, որ գազի հավելավճարը կավելացնի գնաճը, ներառյալ ավելացված արժեքի հարկը, գրեթե մեկ տոկոսային կետով»,- ասել է Commerzbank-ի գլխավոր տնտեսագետ Յորգ Կրեմերը:

Դյուսելդորֆի Հենրիխ Հայնեի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Յենս Սուդեքումը ասել է, որ աշնանը գնաճը կարող է երկնիշ թվերի հասնել եւ կոչ է արել հետագա միջոցներ ձեռնարկել ցածր եւ միջին եկամուտ ունեցող մարդկանց օգնելու համար: «Պետությունը չի կարող ամենուր մեղմել էներգակիրների բարձր գները։ Դա անհնար է: Բայց նա կարող է հասցեական օգնություն տրամադրել այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է»,- ասել է Սուդեքումը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը քաղաքացիներին վստահեցրել է, որ օգնության հետագա միջոցառումները մշակման փուլում են, այն բանից հետո, երբ կանցլեր Օլաֆ Շոլցն օգնության լրացուցիչ փաթեթ է խոստացել:

Հաբեկը հերթական անգամ ամեն ինչում մեղադրել է Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ հավելավճարը «Ուկրաինայի դեմ Պուտինի անօրինական պատերազմի եւ Ռուսաստանի կողմից առաջացրած էներգիայի արհեստական դեֆիցիտի» հետեւանք է։