Եվրոգոտում ռեցեսիայի ռիսկը հասել է 2020 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին, քանի որ էներգիայի պակասը սպառնում է էլ ավելի խթանել առանց այդ էլ ռեկորդային գնաճը, կարծում են Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետները:

Արտադրության ծավալների կրճատման հավանականությունը երկու եռամսյակ անընդմեջ աճել է մինչեւ 60 տոկոս՝ նախորդ հարցման 45 տոկոսից եւ ուկրաինական պատերազմից առաջ 20 տոկոսից: Գերմանիան՝ ԵՄ խոշորագույն տնտեսությունը, արդեն այս եռամսյակում կընկնի ստագնացիայի մեջ:

Այժմ սպասվում է, որ 2022 թվականին գնաճը կկազմի միջինը գրեթե 8 տոկոս, ինչը մոտ չորս անգամ գերազանցում է Եվրոպական կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշը, իսկ հաջորդ տարի՝ 4 տոկոս: Սակայն հարցվածները դեռեւս կարծում են, որ մինչեւ 2024 թվականը այն կդանդաղի մինչեւ թիրախային 2 տոկոս:

Տնտեսագետներն ակնկալում են, որ ԵԿԲ-ն սեպտեմբերին կես կետով կբարձրացնի տոկոսադրույքները։ Դա կհանգեցնի նրան, որ տարեվերջին ավանդների տոկոսադրույքը կկազմի 1 տոկոս, իսկ հաջորդ տարվա մարտին սպասվում է քառորդ կետով աճ։