ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի խուզարկությունից հետո սպառնալիքների աճ է գրանցվել։

Նրանք այս աճը կոնկրետ կապում են օգոստոսի 8-ին Մար-ա-Լագոյում կատարված խուզարկության հետ: «ՀԴԲ-ն եւ ՆԳՆ-ն սոցիալական ցանցերում դաշնային պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ բռնության սպառնալիքների աճ են նկատել, ներառյալ՝ ՀԴԲ-ի շտաբի դիմաց, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ» տեղադրելու սպառնալիքը եւ «քաղաքացիական պատերազմի» ու զինված ապստամբության ընդհանուր կոչերը»,- ասվում է գերատեսչությունների ծառայողական գրության մեջ։

«ՀԴԲ-ն եւ ՆԳՆ-ն ցանկանում են համոզվել, որ իրավապահ մարմինները, դատարանները եւ կառավարության անձնակազմը տեղեկացված են մի շարք սպառնալիքների, ինչպես նաեւ հանցավոր ու բռնության միջադեպերի մասին»:

Սա ներառում է սպառնալիքներ, որոնք «կոնկրետ վերաբերում ենթադրյալ թիրախներին, մարտավարությանը կամ զենքի սահմանմանը»:

«2022 թվականի օգոստոսի 8-ից ՀԴԲ-ն եւ ՆԳՆ-ն հայտնաբերել են բազմաթիվ սպառնալիքներ եւ կոչեր՝ ուղղված Փալմ Բիչում խուզարկության հետ կապված դատական, իրավապահ մարմինների եւ պետական պաշտոնյաների, ներառյալ դաշնային դատավորի սպանությանը, որը հաստատել է Փալմ Բիչում խուզարկության հրամանը:

Նշվել է, որ խուզարկությունից երեք օր անց «Ռիկի Շիֆեր-կրտսերը՝ տեխնիկական ժիլետով, ինքնաձիգով եւ մեխահանիչով, փորձել է բռնի ներխուժել ՀԴԲ-ի դաշտային գրասենյակ Ցինցինատիում», ՀԴԲ-ի եւ իրավապահ մարմինների հետ առճակատման ժամանակ Շիֆերը սպանվել է:

Շիֆերի հետ կապված դեպքից ժամեր առաջ նա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Truth Social-ում գրառում էր կատարել, թե ցանկանում է սպանել դաշնային գործակալներին: Գրառումը, որն այդ ժամանակվանից ջնջվել է կայքի մոդերատորների կողմից, հրապարակվել է ՀԴԲ-ի կողմից նախկին նախագահի Մար-ա-Լագոյի նստավայրը գրոհելուց անմիջապես հետո:

Նման գրառումները բռնի ծայրահեղական բովանդակության միայն մի մասն են, որ հեղեղել են ծայրահեղ աջակողմյան մամուլն ու սոցիալական ցանցերը այն պահից, երբ ՀԴԲ-ն խուզարկություն է կատարել Մար-ա-Լագո հանգստավայրում: «Քաղաքացիական պատերազմ» եւ «ի զեն» արտահայտությունները տարածված են Telegram-ում, Gab-ում, Reddit-ում եւ TheDonald-ում, որը հայտնի ֆորում է Թրամփի կողմնակիցների շրջանում:

«Վերջին գործողությունների արդյունքում մենք գնահատում ենք, որ բռնության պոտենցիալ թիրախները կարող են ներառել իրավապահ մարմիններին, դատական պաշտոնյաներին, դավադրության տեսաբաններին եւ ենթադրյալ գաղափարական հակառակորդներին, որոնք մարտահրավեր են նետում նրանց աշխարհայացքին»,- ասվում է համատեղ տեղեկագրում։

Տեղեկագրում նաեւ ասվում է, որ խուզարկումներից մինչ այժմ դիտարկվող սպառնալիքները մատնանշում են այն հավանականությունը, որ ծայրահեղականները նոյեմբերին կայանալիք 2022 թվականի միջանկյալ ընտրությունները կարող են դիտել որպես «հավելյալ թեժ կետ, որի շուրջը կարող են ուժեղացնել սպառնալիքները՝ ուղղված ենթադրյալ գաղափարական հակառակորդներին, այդ թվում՝ դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցներին»: