Ղրիմի Ջանկոյ շրջանում՝ Մայսկոյե գյուղում, տեղի բնակիչներին սկսել են տարհանել զորամասերից մեկում զինամթերքի ժամանակավոր պահեստի տարածքում բռնկված հրդեհից եւ պայթյուններից հետո։ Տարհանման մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կարպեցը։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Telegram-ում հայտնել է, որ գնացել է Մայսկոյե՝ պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է Ջանկոյ շրջանի ենթակայաններից մեկում բռնկված հրդեհի մասին եւ պարզաբանել, որ հրդեհն արդեն տեղայնացվել է, եւ «սպառողների էլեկտրամատակարարման խափանումներ չկա»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ջանկոյ շրջանում Մոսկվայի ժամանակով մոտ 6:15-ին զորամասերից մեկում զինամթերքի ժամանակավոր պահպանման համար նախատեսված հատվածում հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի պատճառով արկերը սկսել էին պայթել։ «Դեպքի վայրից ստացված հաղորդագրության համաձայն՝ այս պահի դրությամբ լուրջ տուժածներ չկան»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Սերգեյ Ակսյոնովը հայտնել է երկու տուժած խաղաղ բնակիչների մասին։ «Մի մարդ բեկորային վնասվածքներ է ստացել, մյուս մնացել է պատի տակ»,- ասել է նա եւ մանրամասնել, որ խոսքն Ազով գյուղի մասին է։ Ղրիմի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածներից մեկը հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։ Երկրորդին բժիշկները ամբուլատոր օգնություն են ցույց տվել, նա թեթեւ վնասվածքներ է ստացել։

Մոսկվայի ժամանակով 9:18-ին Ակսյոնովը Telegram-ում գրել է, որ այդ պահին զինամթերքի պայթյունները շարունակվում էին։ Նա նաեւ հայտնել է պայթյունների վայրից հինգ կիլոմետրանոց գոտուց դուրս մարդկանց տարհանման եւ դուրսբերման մասին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը մեկնաբանել է ժամանակավորապես օկուպացված Ղրիմի Ջանկոյ շրջանում գտնվող զինամթերքի պահեստում պայթյունները՝ ենդադրելով, որ անվտանգության կանոնները չկատարելու պատճառով այդպիսի դեպքերն ապագայում կարող են կրկնվել։ Այդ մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Սա հզոր պայթյունների շարք է, որենք նոր են սկսվում: Հիշու՞մ եք, թե ինչպես ՌԴ ՊՆ-ում ասացին, որ իրենք պարզապես ծխել չգիտեն, չգիտեն ինչպես ճիշտ մոտենալ պահեստների անվտանգությանը։ Ուստի կարծում եմ, որ ելնելով ռուսական բանակի հետախուզության մակարդակից, այսպիսի միջադեպերի թիվը կաճի, եւ՝ հենց Ղրիմում»,- ասել է նա։