Այս պահին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի  հետեւանքով զոհերի թիվը 16 է։ Նրանցից 14-ի ինքնությունը պարզվել է, 8 մարդ անհետ կորած է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Զոհերի թվում կա մեկ անչափահաս։ Երկու անհետ կորածները օտարերկրացիներ են։ Փլատակների տակ ողջ մնացած մարդկանց գտնելու հավանականությունը նվազում է»,-ասաց նա։ 

Պաշտոնյան հայտնեց, որ շենքի տեղում, որը դեռ կանգուն է, պարբերաբար հովացման աշխատանքներ են իրականացվում, պայթյունի վտանգ չկա։

«Հիմա տեսողական մոնիթորինգի հատուկ տեխնիկայով փորձում ենք պարզել, թե ինչ կա շենքի ներսում։ Ծանր տեխնիկան չի թափանցում այնտեղ, որտեղ մարդիկ կարող են լինել։  Այն այժմ դուրս է բերում է բեկորները: Դժվար է ասել՝ որքան կտեւեն աշխատանքները, բայց դրանք ինտենսիվ են։ Տեմպը արագ է»,-ասաց Համբարյանը։