Միջուկային տեխնոլոգիաների մշակման TerraPower ընկերությունը հանգանակել է 750 միլիոն դոլար՝ միջուկային ռեակտորների ստեղծման եւ ռադիոակտիվ տարրերի օգնությամբ քաղցկեղի բուժման նախագծերը ֆինանսավորելու համար: Ներդրումների մեծ մասը կատարել են ընկերության հիմնադիր եւ նախագահ Բիլ Գեյթսը եւ հարավկորեական SK էներգետիկ ընկերությանը։

Բիլ Գեյթսի կողմից հիմնադրված TerraPower-ը 750 միլիոն դոլար է հավաքել միջուկային էներգիայի եւ բժշկության ոլորտում նորարարությունների համար: Ֆինանսավորման փուլը ղեկավարել են Գեյթսը եւ SK-ը՝ Հարավային Կորեայի էներգիայի խոշորագույն մատակարարներից մեկը: SK-ն Գեյթսի ընկերությունում ներդրել է 250 միլիոն դոլար, հայտնում է CNBC-ն։

Գումարը կօգտագործվի միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաների եւ միջուկային բժշկության ոլորտում նորարարությունների զարգացման համար։ TerraPower-ի գլխավոր տնօրեն Քրիս Լեւեսկն ասել է՝ նրա թիմը «իրականացնում է տեխնոլոգիական լուծումներ, եւ ներդրողներն ամբողջ աշխարհում դա ի գիտություն են ընդունում»:

Նրա խոսքով՝ այդ լուծումները կարող են լինել ինչպես կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ անածխածին առաջադեմ միջուկային էներգիայի միջոցով, այնպես էլ քաղցկեղի դեմ պայքարը՝ միջուկային իզոտոպներով: TerraPower-ն աշխատում է GE Hitachi Nuclear Energy-ի՝ General Electric-ի ստորաբաժանման հետ՝ Natrium համակարգը առեւտրայնացնելու համար: Այն ներառում է ավելի փոքր ռեակտոր, քան սովորական ռեակտորները, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում եւ հալված նատրիումի աղի էներգիայի պահպանման համակարգ, որը թույլ է տալիս միկրոռեակտորին խթանել էներգիայի արտադրությունը կարճ ժամանակով, ըստ անհրաժեշտության: